Հայաստանի հասարակական մտքի ամբիոն
Գլխավոր էջ

Հայերեն | Русский
Գլխավոր էջ
  Գլխավոր   |   Մեր մասին   |   Հոդվածներ   |   Արխիվ   |   Փնտրել   |   Կայքի քարտեզը
Փնտրել : 

 

 Հոդվածներ


Բանավեճեր

Բանավեճեր
Հունիս 2010, N 5

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

Վազգեն Մանուկյան, ՀՀ հանրային խորհրդի նախագահ, Ազգային-ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ

Երկրում վերջերս լուրջ հանրային քննարկումների և բանավեճերի առարկա դարձավ լեզվի և կրթության վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնությունը: Ես միայնակ չեմ օտարալեզու դպրոցների դեմ պայքարում. պետք է ասեմ, որ մեր մտավորականության և քաղաքական գործիչների մեջ բազմաթիվ առողջ մտածող մարդիկ կտրականապես դեմ են ՀՀ «Լեզվի մասին»  և «Հանրակրթության մասին»  օրենքները փոփոխելուն: Հենրիկ Հովհաննիսյանը, Բաբկեն Հարությունյանը, նախկին նախարարներ Արեգ Գրիգորյանը, դոկտոր-պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, Գարիկ Չուգասզյանը, որը ներկայացնում է ամենաառաջադեմ տեխնոլոգիաները և կապված է ժամանակակից տեխնոլոգիաների կենտրոնների հետ: Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել. Պարույր Հայրիկյանը, Հանրային խորհրդում դարձյալ բազմաթիվ մարդիկ քվեարկեցին, որ օրենքը չփոխվի, ուրեմն` հարցն, իրոք, վիճելի է:

Արտահայտեմ կարծիքս ռուսալեզու դպրոցների մասին: Համաձայն չեմ, թե խոսքը ռուսական դպրոցների մասին է: Նախ, հիմա քննարկվում է երկու դպրոցի հարց: Մեկը` Ռուբեն Վարդանյանի օրիգինալ, նոր տեխնոլոգիաներով դպրոցն է, իսկ երկրորդը` Թաիլանդում ինչ-որ անգլիական դպրոց կա, որի մասնաճյուղը պետք է բացվի Հայաստանում: Ռուսական դպրոցների մասին առայժմ խոսք չկա: Այնպես որ, այս ամենն այնքան էլ ռուսական դպրոցների համար չի արվում, և պնդել, թե մենք դեմ ենք հենց ռուսալեզու  կրթությանը` կոռեկտ չէ:

Բանն այն է, որ խոսքն ինչ-որ երկրորդական օրենքի մասին չէ, խոսքը հիմնարար օրենքի մասին է: Հայ երեխան կրթությունը պետք է ստանա հայերեն: Հարյուրավոր տարիներ հայերը պետականություն չեն ունեցել` երազելով, որ մի օր կունենանք անկախ պետություն, և մեր երեխաները հայոց լեզվով կրթություն կստանան: Դարավոր երազանքը պայքարի էջեր ունի, և պատահական չէ, որ երբ ցարական Ռուսաստանը հայերի ձուլման քաղաքականություն էր վարում, առաջին քայլը, որ փորձեց անել, հայկական դպրոցները փակելն էր: Այսինքն` լեզուն հիմնարար նշանակություն ունի: Եվ դա կարևոր է ոչ միայն հայերի համար, չնայած մեզ համար կրկնակի  կարևոր է, որովհետև հայերի մի մասն ապրում է դրսում և, ի տարբերություն հրեաների, որոնց միավորող ուժը կրոնն է և էլի այլ հանգամանքներ, հայապահպան հիմնական ուժը հայոց լեզուն է: Մի խոսքով, հայերը մշակույթով ծնված և մշակութածին ազգ են, ի տարբերություն հրեաների, որոնց որպես ազգ ձևավորել է կրոնը, և այս կարևորագույն հանգամանքը երբեք չպետք է անտեսվի մեր կողմից:

 

***

Փորձենք մի փոքր թափանցել խնդրի մեջ: Ցանկացած ազդեցություն այլ երկրի վրա` քաղաքական, տնտեսական, ռազմական և այլն, անցողիկ է: Ամենամեծ ազդեցությունն այն է, երբ այլ պետությունն իր ձեռքն է վերցնում երեխաների դաստիարակությունը կամ դաստիարակությունը վարում է իր լեզվով, այսինքն` մտնում է այդ մշակույթի, այդ քաղաքակրթության մեջ: Եվ պատահական չէ, որ երբ անգլիացիները Հնդկաստանը գրավեցին, առաջին հերթին դպրոցներ բացեցին էլիտայի երեխաների համար` անգլիական դպրոցներ: Նրանք գիտեին, որ դա մնայուն ազդեցություն կունենա:

«Լեզվի մասին»  օրենքը հստակ արտահայտություն է գտել Անկախության հռչակագրի 10 և 12 կետերում, որը ներառվել է մեր Սահմանադրության գաղափարախոսության մեջ, այսինքն` սա հիմնադիր օրենքներից է: «Լեզվի մասին»  օրենքի այս փոփոխությունը խիստ ուրախացրել է վրացիներին: Վրաստանում հարյուրից ավելի հայկական դպրոցներ ունենք և, ի տարբերություն Լոս Անջելեսի, դրանք իրական հայկական դպրոցներ են, այսինքն` բոլոր առարկաները դասավանդվում են հայերեն: Լոս Անջելեսի հայկական դպրոցներում հայոց լեզուն դասավանդվում է հայերեն, մնացածը` անգլերեն: Վրացիները շատ են ուզում, որ Վրաստանի հայկական դպրոցները փակվեն, իրենց համար դա գլխացավանք է, քանի որ խանգարում է ձուլմանը: Երբ մեզ մոտ օրենքը փոխվի, Վրաստանում կասեն. եթե Հայաստանում օտարալեզու դպրոցներ եք բացում, ինչո՞ւ, ուրեմն, վրացերեն չսովորեք: Կան ազգային փոքրամասնություններին իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն տալու մասին հռչակագրեր, որոնք ստորագրել են և՛ Հայաստանը, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը, և՛ Վրաստանը: Հետևաբար, պարտավորված են կատարել իրենց պայմանավորվածությունները:

 

***

Աշխարհում անընդհատ գլոբալացման գործընթացներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում տարբեր մշակույթներ տարածվել են աշխարհով մեկ: Մենք անընդհատ գտնվել ենք այդ հոսանքների ազդեցության ներքո: Եվ միշտ հարց է առաջացել. ինչպե՞ս անել, որ և՛ սովորես, և՛ ինքնությունդ պահպանես: Հիմա դա շատ ավելի բարդ է: Աշխարհը շատ տկար կդառնա, կաղքատանա, եթե բոլորը պրագմատիկ գաղափարներով առաջնորդվեն, լինի մի մշակույթ, մի լեզու, մտածողության մի ձև: Ընդհակառակը, աշխարհի զարգացումը  պահանջում է, որ բոլոր ազգերը պահպանեն իրենց մշակույթն ու ինքնությունը, կապված լինեն իրենց արմատներին: Եվ պետք է հաշվի առնել, որ ոչ հայկական կրթություն ստացած հայերի մեջ կարող են լինել բարոյական և ոչ բարոյական, հայրենասեր և ոչ հայրենասեր, բայց մեծ մասամբ իրենց արմատներից, պատմական արմատներից, մշակույթից կտրված մարդիկ: Կարող են շատ լավ Դոստոևսկի իմանալ, բայց Թումանյան չիմանալ, լավ իմանալ Գոգոլ, բայց չճանաչել Շիրվանզադեին, Րաֆֆուն, և դա հսկայական կորուստ է, ազգային կորուստ: 20-րդ դարում բազմաթիվ հետազոտություններ են կատարվել, որոնց շնորհիվ պարզվել է, որ մարդը երկու լեզվով մտածել չի կարող: Ես հինգ տարի ոչ մի տող ռուսերեն չեմ կարդացել, միայն հայերեն էի կարդում, որովհետև սարսափով տեսնում էի, որ երազս անգամ ռուսերեն լեզվով եմ տեսնում: Հինգ տարի ինձ վրա աշխատել եմ, որ միջիցս այդ հիվանդությունը հանեմ: Հոգեբանական հետազոտություններ կան, ըստ որոնց` երեխան պետք է լեզվական արմատ ունենա և այդ արմատի վրա տարբեր լեզուներ սովորի: Եվրամիությունում մի կենտրոն կա, կոչվում է «Օտարալեզու կրթության տարածում»: Կենտրոնի նախագահը երկու բան է ասում. 1. մի քանի եվրոպական զարգացած պետություններում փորձել են օտարալեզու դպրոցներ բացել` անգլիական և այլն.  որևէ դրական փորձ չի արձանագրվել այդ դպրոցներում, 2. աշխարհում միջնակարգ կրթության ճգնաժամ է, և չկա մի դպրոց, դպրոցների մի ինչ-որ համակարգ, որ այդ ճգնաժամը հաղթահարած լինի: Յուրաքանչյուր պետություն որոնում է իր ուղին:

Ինչ վերաբերում է սովետական դպրոցին, ես կարծում եմ, որ սովետական դպրոցը նվազագույն փոփոխություններով կարող էր շատ լավ կրթություն տալ մեր երեխաներին: Եվ այսօրվա նորամուծություններն ավելի շատ վնասակար են, քան օգտավետ: Պետք է հիշել, որ ռուսական և սովետական դպրոցը հիմնարար սկզբունքներն ընդօրինակել է գերմանացիներից: Ես կողմնակից եմ այդ համակարգին: Ամերիկյան համակարգն ուրիշ է. այստեղ ասում են` մարդկանց 90 տոկոսը, միևնույն է, մաթեմատիկոս, ֆիզիկոս չի դառնա, կոշկակար կդառնա, կամ դրա համար էլ չեն ստիպում բոլոր դպրոցներում խորությամբ սովորել այդ առարկաները: Բայց դրա կողքին Ամերիկայում կան էլիտար դպրոցներ, որոնք տալիս են փայլուն կրթություն. ի վերջո, աշխարհի գիտությունն ու կրթությունն առաջ տանողը Միացյալ Նահանգներն է, որի գիտնականների կեսը դրսից եկածներ են, բայց կեսն իրենցն է:

Ինչևէ, խոսքը հետևյալի մասին է. այս օրենքը երկար պատմություն ունի և հիմնադիր օրենքներից է ոչ միայն պետության, այլև հայապահպանության համար: Երկրորդ. այն համընկնում է համաշխարհային միտումների հետ, որովհետև քիչ երկրներ են իրենց թույլ տալիս ուրիշ դպրոցներ ունենալ: Ամեն երկիր խստապահանջ է այն հարցում, որ իր երեխաներին դաստիարակելու հարցն իր ձեռքից չվերցնեն: Բոլոր օտարալեզու դպրոցների հետևում կամ ինչ-որ օտար պետություն, հատուկ ծառայություն, կամ կրոնական ինչ-որ աղանդ, շարժում, գաղափարական սկզբունք է կանգնած: Եվ շատ վտանգավոր է, երբ մատղաշ երեխային թույլ են տալիս մտնել այնտեղ:

               

***

Հիմա գանք Հայաստան: Այնուամենայնիվ, օտար լեզուները պետք են մեզ: Մոսկվայում ինչպե՞ս է: Այնտեղ պետական պարտադիր ծրագիր կա, որն այդ դպրոցներում ամբողջությամբ ռուսերեն է դասավանդվում: Օտար լեզու` մեկ, երկու, նույնիսկ երեք լեզու ինչ-որ դասարանից սկսում են անցնել, բարձր դասարաններում որոշ առարկաներ սովորում են օտար լեզվով, բայց այն առարկաները, որոնք որ պարտադիր դասընթացում չկան: Այսինքն` մի դպրոց կա, ուղղությունն` իրավաբանական, որտեղ, ենթադրենք, միջազգային իրավունքը դասավանդվում է ֆրանսերեն: Կան դպրոցներ, որոնցում նոր տեխնոլոգիաներ են, մաթեմատիկան անցնում են ռուսերեն, բայց ինֆորմատիկա առարկան սովորում են անգլերեն: Եվ դա հնարավորություն է տալիս, որ դպրոցն ավարտածները երկու վկայական ունենան: Մեկը վկայում է, որ ավարտել է պարտադիր դասընթացը ռուսերեն լեզվով և մյուսը համապատասխանում է միջազգային չափանիշներին, որով կարող է բուհ ընդունվել Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում: Այսինքն` առանց օրենքը փոխելու օտար լեզվի դասավանդումն ուժեղացնելու բազմաթիվ ձևեր կան, եթե իրականում առկա են առողջ ցանկություններ:

 

***

Երբ վարչապետ էի, դպրոցները դարձրինք հայկական` կառավարության որոշմամբ են փակվել ռուսական դպրոցներն այս երկրում, սակայն հենց վարչապետ եղած ժամանակ ես ստորագրել եմ Ամերիկյան համալսարանը բացելու հրամանագիրը, բանակցություն էի վարում ՄՊՀ-ի հետ Երևանում մասնաճյուղ բացելու վերաբերյալ: Հիմա Ֆրանսիական համալսարան, Սլավոնական համալսարան ունենք: Այսինքն` եթե երեխան 12 տարի պարտադիր կրթությունը ստացել է, մենք շահագրգռված ենք, որ մի մասն ուսումը շարունակի օտար լեզուներով: Մենք խրախուսում ենք դա: Խոսքն առաջին տասը տարում երեխային դաստիարակելու և կրթելու մասին է: Ես այստեղ հայ ինքնությանն ուղղված վտանգ եմ տեսնում: Կարող են ասել. «ռուսական կրթություն ստացողներն, ի՞նչ է, հայ չեն»: Խոսքն ընդհանուր երևույթի մասին է, ոչ թե երկու մարդու համեմատության: Պատգամավորներից մեկն ասաց մի առիթով. ես ռուսական կրթություն եմ ստացել, կիրթ մարդ եմ, իսկ Հունանյանը տեռորիստ է, որովհետև հայկական կրթություն է ստացել: Ճի՞շտ է նման նախադասություններ քննարկելը: Այսպիսի տեսակետի հակվածներին հիշեցնեմ, որ աֆրիկյան բռնակալների կեսը դուրս է եկել Սորբոնից և Օքսֆորդից, իսկ նրանց մեծ մասը մարդակեր դարձավ (ուղիղ և փոխաբերական իմաստով): Այնպես որ` լեզուն, որով կրթություն են ստանում, չի կարող լինել անհատի քաղաքակրթվածության և կուլտուրականության երաշխիք:

Բայց երբ խոսում ենք միլիոնավոր մարդկանց մասին, ազգային պետական ծրագրերի մասին, անհատներն ու մասնավոր դեպքերն օրինակ ծառայել չեն կարող: Հայ երեխաների երկու երրորդն օտար կրթություն է ստանում: Ոչ միայն Սփյուռքում: Տասնյակ հազարավոր երեխաներ սովորում են ռուսական, անգլիական դպրոցներում: Հայությունն օտար լեզվի փայլուն տիրապետողների կադրային պահանջ չունի, Հայաստանում նրանք աշխատանք չեն գտնում: Լավ է, որ սովորում են դրսում, բայց հետո գալիս են Հայաստան և աշխատանք չեն գտնում: Սա խայտառակություն է: Ուրեմն, կառավարության խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես անել, որ օտար լեզու իմացող, բարձրամակարդակ կրթություն ստացած մարդիկ աշխատանք ունենան Հայաստանում: Սա ցավոտ հարց է:

 

***

Օտարալեզու կլինի, թե ոչ` մեր կրթական համակարգը դպրոցի առաջին դասարանից մինչև բուհի վերջին կուրսը բավական փչացած է, այնտեղ շատ գործ կա անելու, և այնքան էլ համաձայն չեմ, որ մարդկանց մեծ մասն ուսանող է դառնում միայն դիպլոմի համար: Սովետների ժամանակ էլ նման բան կար: Բայց հիմա իսկական գիտելիք ստանալ ցանկացողների թիվն ավելի մեծ է: Ինչո՞ւ, որովհետև գիտելիքը Հայաստանում աշխատանք չի ապահովում, բայց իրենք գիտեն, որ գիտելիքն աշխարհում իրենց համար տեղ է ապահովում: Նրանք, ովքեր սովորում են կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, գիտեն, որ դա ոսկե փեշակ է. եթե Հայաստանում աշխատանք չունենաս,  աշխարհի որ ծայրը գնաս` աշխատանք կգտնես: Մեզ մոտ բավական լավ բժշկական կրթություն են տալիս ցածր գնով: Բժիշկներն էլ գիտեն, որ աշխարհի որ ծայրն էլ գնան, աշխատանք կունենան: Այսօր եվրոպացիները բժիշկ դառնալ չեն ուզում: Օրինակ, Ֆրանսիայում բժիշկները, ճիշտ է, բարձր աշխատավարձ են ստանում, բայց ծանր գործ է, ֆրանսիացիներն աշխատում են այնպիսի մասնագիտություն ընտրել, որ շատ չծանրաբեռնվեն: Այնտեղ շատ են արաբները և հայերը, որոնք գալիս և այստեղ բժիշկ են դառնում: Մեր հայրենակիցներն առաջին վեց ամսում սովորում են նոր տեխնոլոգիաները և վեց ամիս հետո կարողանում են աշխատել: Այսինքն` կան մասնագիտություններ, որոնք հիմա երեխաներն ավելի են շահագրգռված սովորելու, քան Սովետական Միության ժամանակ:

 

***

Բայց այստեղ կարևոր մի բան կա. մենք ունենք երկու կարևորագույն կառույց, որոնք պետք է լրացնեն միմյանց: Մինչդեռ իրականում մեկը մյուսին խանգարում է: Դրանք են բանակը և կրթությունը: Մի կողմից` մենք անավարտ պատերազմի մեջ ենք: Ցավոք, մենք պետք է մեծ ջանքեր թափենք` բանակ պահելու համար, քանի որ Հայաստանը նույնիսկ մի անգամ պարտվելու իրավունք չունի: Մի անգամ որ պարտվեց` Հայաստանի վերջը կգա, այսինքն` բանակը կարևոր նշանակություն ունի: Մյուս կողմից` ապագան կապված է կրթական համակարգի հետ: Շատ են ասում, թե ծառայությունը կարող է խանգարել: Էլվիս Փրեսլին, օրինակ, երբ եկել է ծառայության ժամանակը, գնացել-ծառայել է: Ի՞նչ է` վատ երգիչ դարձա՞վ: Բոլոր հայտնի ֆիզիկոսները 20-30-ական թթ. ծառայել են բանակում: Այժմ գործող օրենքները երկու կարևորագույն պետական կառույցների` բանակի և կրթական համակարգի միջև համագործակցության փոխարեն ստեղծում են շահերի որոշակի բախում, որը վնասում է երկուսին էլ:

Կրթական համակարգի կողմից տրամադրվող տարկետման հետ կապված արտոնությունները` մագիստրատուրա, ասպիրանտուրա, անվճար ուսուցում, ավելացնում են բանակից խուսափելու հետ կապված կոռուպցիան` էապես վնասելով նաև կրթական համակարգին: Ստացվում է, որ ամեն տարի կորցնելով զորակոչային զգալի ռեսուրս` կորցնում ենք նաև երիտասարդ գիտնականների, քանի որ տարկետում ապահովող տեղերը խիստ սահմանափակ են, և հաճախ տաղանդավոր տղաների կամ աղջիկների փոխարեն հովանավորչության միջոցով «տեղավորվում»  են պարզապես բանակից խուսափել ցանկացողները, որոնք բնավ չեն ցանկանում ապագան գիտության հետ կապել:

Կորցնում է գիտությունը, կորցնում է բանակը, ծաղկում է կոռուպցիան` խորացնելով սոցիալական անարդարությունը և շերտավորումը:

Առաջարկվում է` 18 տարեկան բոլոր տղաների պարտադիր ծառայություն բանակում (բացի առողջական խնդիրներ ունեցողներից): Դրա համար առաջարկվում է երիտասարդներին որոշակի արտոնություններ տալ` կա՛մ 2 տարին փոխարինել 1,5 տարով, որի նպատակահարմարությունը իրավասու է որոշելու միայն ՊՆ-ն, կա՛մ ուսման շարունակության վարձը պետությունը վերցնի իր վրա, կա՛մ նաև հնարավորություն ընձեռվի բանակում ծառայելը համատեղել հեռակա կրթության հետ և այլն: Այդ ամենը շատ մանրակրկիտ քննարկված է ՊՆ-ի համապատասխան փաստաթղթում. այդ հարցում մենք սերտորեն համագործակցելու ենք ՊՆ-ի հետ:

Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում ավագ դպրոցին անցնելը հիմա: Նախ պատրաստվածություն չկա: Դպրոցի տնօրենները ցուցակ են տալիս իններորդ դասարանն ավարտածներին և ասում` գնացեք այսինչ տեղը սովորեք: Այս երեխաներն ինը տարի իրար հետ սովորել են, ընկերություն արել, ընդ որում, դպրոցներ կան (օրինակ, Չեխովի դպրոցը), որոնք 100 տոկոսով ուզում են շարունակել ուսումը: Եթե 100 տոկոսով շարունակում են ուսումը, դպրոցն էլ լավ բազա ունի (երկու շենք, ուսուցչական լավ կազմ), թող, ուրեմն, ավագ դպրոցն այդտեղ լիներ, 100 տոկոսն էլ թող շարունակեր: Ի՞նչ իմաստ ունի տեղափոխելը:

 

***

Ես հետաքրքրվել եմ Բոլոնյան սկզբունքներով: Նախ, դրանք այդպես իմպերատիվ չեն. օրինակ` Ռուսաստանն ուսուցումը դարձրեց 11 տարի, մանևրելու հազար տեղ կա:

Ինչ վերաբերում է կոնսերվատորիային կամ սպորտին. անհեթեթ է հնչում` ջութակի մագիստրոս կամ ըմբշամարտի մագիստրոս: Ըստ իս, այստեղ երկու հարց կա: Մեկն այն է, որ համապատասխան նախագծի համար դրամաշնորհ են տալիս, համապատասխան նախարարությունն օգտվում է դրանից և թքած ունի` վերցնում ու կիրառության մեջ է մտցնում: Երկրորդ. երբ Հայաստանին տասը պահանջ են ներկայացնում, ամենից հեշտ կատարվում են այն պահանջները, որոնք իրենց շահերին չեն դիպչում: Դրանք վերաբերում են կրթական համակարգին: Ամեն մեկը կպչում է ինչ-որ շերտի, անձնական շահերի, կրթականը դիպչում է ամբողջ ժողովրդին ու ապագային, բայց ոչ` կոնկրետ որևէ մեկին, դրա համար էլ այստեղ ամենահեշտն է զիջելը:




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

Համարների արխիվ:

NI
հուն
NI
փետ
NI
մար
NI
ապր
NI
մայ
NI
հուն
NI
հուլ
NI
օգո
NI
սեպ
NI
հոկ
NI
նոյ
NI
դեկ




Քվեարկություն

Ինչպե՞ս եք իմացել մեր մասին.




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է


Video

Video




Copyright 2008 Ազգային Գաղափար
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: office@nationalidea.am, www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics