Մեկնաբանություններ
Երևանի ավագանու «օրակարգի հերթական նիստը». Ի՞նչ պակաս թատրոն է, որ…
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
Եթե աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գործող ավագանու խորհրդի նիստերը լինում են հերթական նիստեր կամ պարզապես նիստեր, ապա Գագիկ Բեգլարյանի գլխավորած քաղաքի ավագանու նիստերը «օրակարգի հերթական նիստեր» են և քաղաքապետն էլ նիստի վերջում քվեարկության է դնում դարձյալ «օրակարգի հերթական նիստի» օրը որոշելու հարցը:
Դե, քանի որ մեր ավագանին ուրիշ է, նրա օրակարգի նիստերն էլ են ուրիշ, հետևաբար, այստեղ ընդունված որոշումներն էլ ուրիշ են ու ուրիշ: Մեր ավագանին ուրիշ է նրանով, որ մի քանի ամիս շարունակ ԲՀԿ խմբակցությունը «հեսա-հեսա մանդատները դնում էր», բայց դեռ էդ դնելն է, որ դնում է: Շատերն են կասկածում, իհարկե, թե կարելի է ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը լուրջ ընդունել. այդ կասկածը կարող է ընդհանրապես խառնաշփոթ դառնալ, եթե մեկը ներկա գտնվի Երևանի ավագանու նիստերին: Նիստի ընթացքում հանրապետական Բեգլարյանը յուրահատուկ ֆուտբոլ է խաղում բհկ-ական ջահելների հետ` լավ տշելու իմաստով, իսկ ահա ընդմիջմանը ջան-ջիգյարով ասում-խոսում նրանց ղեկավար Արման Վարդանյանի հետ: Իսկ ահա ջան-ջիգյարից գրեթե մի ժամ հետո, երբ ինչ-որ հարցի կապակցությամբ պարզաբանող Վարդանյանը Բեգլարյանին պատահմամբ ասեց «ճիշտ եք հասկանում», շատ քիչ էր մնում «համարները հանել-ձոր իջնելուց»: Երիտասարդ բհկ-ականի «ճիշտ եք հասկանում»-ն արժանացավ «մյուս անգամ ըտենց ռեպլիկ էլ չանես, թե չէ… ինձ ծնված օրից ըտենց բան չեն ասել` ճիշտ ես հասկընըմ»: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ ընթացող երեք ու կես ժամ տևող նիստի ընթացքում Բեգլարյանն ուղղակի հումորի վարպետի բացառիկ տաղանդ էր դրսևորում (անկախ հումորի գույնից), ինչի թիրախում, բնականաբար, բհկ-ականներն էին. «էդ հարցդ ձեռագիր էր գրա՞ծ», (ավագանին այդքան էլ վարժ չէր հնչեցրել հարցը. չի բացառվում, որ հուզված լիներ պ-ն Բեգլարյանին տեսնելուց) և երբ դրական պատասխան ստացավ` քաղաքապետը վրա բերեց. «ըտենց էլ հասկացա»` հարուցելով ներկաների ծիծաղը: Կամ` «արա´, էդ էրկու անունը չէիր կարա՞ անգիր անեիր, որ դուրս չգնայիր` նոր կարանայիր ասել»: 
Բեգլարյան քաղաքապետը սակայն միայն հումորով չէ, որ յուրահատուկ է: Շատ ավելի յուրահատուկ կադրային քաղաքականության արդյունքում մի երկու ամիս առաջ քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչության պետ նշանակվեց խոշորագույն կարատեիստ, Ֆորտ-Բոյարի հաղթական մասնակից Գոռ Վարդանյանը: Եվ քանի որ Բեգլարյան-քաղաքապետի որոշումներն անխախտելի են, բայց, հավանաբար, Գոռ Վարդանյանին անգամ ամենամեծ ցանկության դեպքում անկարելի էր մշակույթի վարչության պետ երևակայել, նրան տեղափոխեցին խորհրդականի հաստիքացուցակ: Իսկ ավագանու «օրակարգի հերթական նիստին» քննարկվեց և ընդունվեց, որ սրանից հետո ավելի լավ է ունենալ ոչ թե մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և տուրիզմի վարչություն, այլ ավելի ձեռնտու է ունենալ մի վարչություն`մշակույթի և տուրիզմի գծով, մի հատ էլ բաժին` սպորտի և երիտասարդության հարցերի: Մեկը, հավանաբար, կլինի Գոռի սրտով, մյուսը` զատո, ազատ` ախպերությունից էլի մեկին գործի դնելու համար:
Երևանի ավագանու խորհուրդը նաև ամենահարգալից ավագանու խորհուրդն է: Անհնար է գտնել քաղաքի ավագանու մեկ այլ խորհուրդ, որտեղ այդ աստիճան հարգանք լինի քաղաքապետի հանդեպ: Գագիկ Բեգլարյանն այստեղ ամեն ինչ է. քաղաքապետն ինչ ասեց, ավագանիների համար սրբազան օրենք է. ասեց` շներին ու կատուներին հարկավոր է հարկել` կհարկեն, ասեց չհարկեն` չեն հարկի: Ավագանու այս նիստում Բեգլարյանը հայտարարեց. «լավ առաջարկությանը հանրապետականները երեք ձեռքով կողմ են»: Կարելի է չկասկածել, որ քվեարկության դնելու դեպքում, եթե անգամ բհկ-ականները ինչ-որ տեղ ձգտելով ընդդիմություն խաղալ երկու ձեռք բարձրացնեին, ապա հանրապետականները հաստատ երեք ձեռք կգտնեին բարձրացնելու համար. եթե անգամ երկու ձեռք ունենային, հանուն քաղաքապետի խոսքի, մի բան կգտնեին` երրորդի փոխարեն բարձրացնելու համար:
Սակայն Գագիկ Բեգլարյանի առավելությունները սրանով չեն սահմանափակվում: Ամեն ինչից զատ կարելի է ասել, որ ավագանու խորհրդում ամենասթափ մտածողը հաստատ նա է (հնարավոր է, սրա պատճառն էլ այն է, որ որևէ մեկին հարգելու կամ հաճոյանալու պարտավորություն չունի): Դա, գոնե ինձ համար, բացահայտվեց հարցերից մեկի ժամանակ:
Մեր ավագանու սիրած գործերից մեկը շենքերի պատերին անվանի մարդկանց հուշատախտակներ ամրացնելու թույլտվություն տալն է: Եվ քանի որ հայ ժողովուրդն աշխարհի ամենատաղանդավորն է, հետևաբար մայրաքաղաքում անվանի մարդկանց թիվն էլ` Աստված տվել, չի խնայել: Ավագանու խորհրդի անցած նիստի ընթացքում ընդունվել էր վեց հուշատախտակ դնելու որոշում: Այս անգամ կենացները քաղցրացել էին և քննարկման էր դրված հուշատախտակի 8 առաջարկ (քաղաքապետը հայտնեց, որ իրենք ստացել են հուշատախտակի 1540 հայտ, ինչը ստիպում է արդեն որոշակի չափորոշիչներ սահմանել հուշատախտակ ունենալու հարցում):
Հուշատախտակի յուրաքանչյուր հայտատուի կյանքն ու գործունեությունը ներկայացնում էր մի ավագանի, որով քվեարկողների համար պարզ էր դառնում` արժե՞ իրենց քաղաքում նման անձնավորությանը հուշատախտակ հատկացնել, թե` ոչ: Դրամատուրգ Ժիրայր Անանյանը, ծանրամարտիկ Ռուբեն Մանուկյանը, դերասան Արմեն Խոստիկյանը, նկարիչներ Արա Հարությունյանը, Սարգիս Մուրադյանն ու Մկրտիչ Սեդրակյանը, քանդակագործ Բենիկ Պետրոսյանը բարեհաջող անցան իրենց հետմահու «փորձությունը»: Հերթը հասավ կուսակցական պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակին: Ներկայացնող Աննա Ասատրյանը մանրամասն պատմեց, թե ով է 1900թ. Ղարաբաղի Գյուլաթաղ գյուղում ծնված, Բաքվի հանքահորերում աշխատած, Բաքվի կոմունայի մասնակից Դանիելյանը, ինչպիսի պաշտոններ է զբաղեցրել նա Ադրբեջանի ՍՍՀ-ում (ԱԿ(բ)Կ Կենտկոմի պատասխանատու հրահանգիչ, Նախիջևանի մարզային կոմիտեի կազմակերպչական բաժնի վարիչ, Գյանջայի քաղկոմի քարտուղար, որից հետո ուղարկվել է Հայաստան և հերթով զբաղեցնելով Բասարգեչարի (1934), Լենինականի (1935) քաղկոմի քարտուղարի պաշտոնները, մահկանացուն կնքել 1938թ.` որպես ժողովրդի թշնամի: Բայց քանի որ մինչ այդ` 1936թ., նա դարձել էր Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը, 2010թ. Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների մեջ գտնվել էին մարդիկ, որ որոշել էին Աբովյան փողոցի շենքերից մեկի վրա անպայման հուշատախտակ ունենալ նրա անվամբ` անկախ նրանից, որ անցնող-կարդացողներից ոչ մեկը չի էլ իմանա նրա ով լինելը:
Հուշատախտակների թույլտվության ընթացակարգին հետևած ցանկացած մեկը կարող էր չկասկածել, որ Երևանի ավագանու խորհուրդը պատրաստ էր այս մի հուշատախտակն էլ ընդունել, եթե… Եթե-ն կապված էր դարձյալ Գագիկ Բեգլարյանի հետ, որ ասեց. «հլը մի րոպե, մենք ի՞նչ իմանանք էդ ով ա, ես որ ես եմ, ձեռնպահ եմ քվեարկելու»: Էդ էր ու էդ. ԲՀԿ խմբակցությունից Ազարյանը միանգամից միացավ` թե «ճիշտ է, մենք ի՞նչ իմանանք ով է, կարող է Պավլիկ Մորոզովի նման շպիոն է, հետո վրաներս ծիծաղեն` թե էս ում հուշատախտակն եք դրել, ես մի հատ ԱԱԾ հարցում կանեմ` տեսնենք ինչ կա նրա վրա»: Եվ Երևանի ավագանու խորհուրդը տառացիորեն մի քանի վայրկյանի ընթացքում կողմնորոշվեց. ավագանիները միահամուռ կերպով (սովորության կարգի համաձայն) քվեարկեցին ձեռնպահ: Եվս մի ապացույց, թե ինչքան է հարգում ավագանին իր քաղաքապետին. որևէ մեկի մտքով չանցավ, ենթադրենք, քվեարկել դեմ, կամ առավել ևս կողմ. ո´չ, ձեռնպահ և միայն ձեռնպահ, քանի որ ձեռնպահ է նաև քաղաքի պետը:
Գնահատում


















