Մեկնաբանություններ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սառեցվեց
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Այսօր ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների (ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ) քաղաքական խորհուրդները համատեղ հայտարարություն են տարածել հայ-թուրքական արձանագրություններն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգերից հանելու մասին: Այս հայտարարության մեջ որևէ արտառոց բան չկա. իշխանությունն ուզում է ասել, որ հարաբերությունները սառեցվում են, և դրանցով Հայաստանը կզբաղվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան քայլ անի: Ըստ էության, այս վիճակը 2009թ. հոկտեմբերի 10-ից կար, երբ արձանագրությունները ստորագրվեցին, միայն թե կոալիցիան դրա մասին պաշտոնական հայտարարություն չէր անում: Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հանդես գա ուղերձով և, ամենայն հավանականությամբ, արձանագրությունները հետ կկանչի ԱԺ-ից: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պաշտոնապես սառեցվում է: Այն վերջնականապես տապալված համարելու համար կողմերից մեկը պետք է հետ կանչի արձանագրության տակ դրված ստորագրությունը:
Ուղիղ մեկ տարի առաջ` ապրիլի 22-ին, Հայաստանի ԱԳ նախարարությունը Շվեյցարիայի միջնորդությամբ Թուրքիայի արտգործնախարարության հետ քննարկումներից հետո տարածեց հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում էր, որ կողմերը «համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ` երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ»:
2009թ. օգոստոսի 31-ին Հայաստանը և Թուրքիան նախաստորագրեցին արձանագրություններ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի արտգործնախարարը Ցյուրիխում ստորագրեցին նախաստորագրված արձանագրությունները: Դրանք իրավական ուժ էին ստանալու միայն երկու երկրների խորհրդարանների վավերացումից հետո:
Արձանագրությունները թուրքական կողմն ուղարկեց Ազգային Մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որտեղ դրանք այդպես էլ չքննարկվեցին: Հայաստանի նախագահն արձանագրություններն ուղարկեց Սահմանադրական դատարան, որտեղ պետք է որոշվեր դրանց սահմանադրականության հարցը: 2010թ. հունվարի 12-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ արձանագրությունները համապատասխանում են Սահմանադրությանը: Դրանից հետո արձանագրություններն ուղարկվեցին խորհրդարան, որի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց, թե ինչ ընթացակարգով պետք է քննարկվեն դրանք: Այս հայտարարությունից հետո դրանց քննարկման անհրաժեշտությունը վերացավ:
ԱԺ քաղաքական կոալիցիայի հայտարարությունը տարածվել է վերոնշյալ կուսակցությունների ղեկավարների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, և կարելի է չկասկածել, որ այն արվել է հենց նրա ցուցումով: Հայտարարությունում ասված է. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ Նախագահը ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցությամբ հետևողական քայլեր իրականացրեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ: Այդ գործընթացին իրենց ակտիվ ավանդը բերեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Շվեյցարիան: Աշխարհի բազմաթիվ երկրներ դրականորեն արձագանքեցին այդ նախաձեռնությանը` ընդգծելով դրա բացառիկ կարևորությունը տարածաշրջանային կայունության հաստատման ու առկա հիմնախնդիրները քաղաքակիրթ երկխոսությամբ լուծելու հարցում: Հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը:
ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության կարգավորումից: Միաժամանակ, նկատի ունենալով, որ թուրքական կողմի հրաժարումն առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից իմաստազրկում է այս փուլում դրանց վավերացման գործընթացի հետագա շարունակումը ՀՀ Ազգային ժողովում, անհրաժեշտ է համարում այդ գործընթացի առկախումը, և որպես ըստ անհրաժեշտության քննարկվող հարցի` դրանց քննարկումն Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգերից հանելը` մինչև թուրքական կողմը պատրաստ կլինի առանց նախապայմանների գործընթացի հետագա շարունակման»:
Ի՞նչ շահեց և կորցրեց Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու և դրանց տապալման արդյունքում: Ընդդիմադիրները և հատկապես Դաշնակցությունը կարող են ասել, որ իրենք «էն գլխեն իմաստուն» են, քանի որ զգուշացնում էին, որ «թուրքը մնում է թուրք»: Իսկ իշխանությունն իրենց չլսեց, և արդյունքում` Դաշնակցությունը ստիպված եղավ դուրս գալ կոալիցիայից: Տեսնես հիմա, երբ Դաշնակցության իրավացիությունն ակնհայտ է, այս կուսակցությունը նորից կոալիցիա կմտցնե՞ն` բարոյական և նյութական վնասի փոխհատուցում վճարելով: Իշխանությունը կարող է ասել, որ իրեն հաջողվեց ցույց տալ, որ Հայաստանը պատրաստ է երկխոսության միջոցով լուծել անցյալի խնդիրները, մինչդեռ Թուրքիան դրսևորեց ապակառուցողական վարքագիծ` շարունակելով մնալ նախորդ դարում և նույնիսկ դարասկզբին ունենալով նույն թշնամական վերաբերմունքը Հայաստանի և հայության նկատմամբ: «Ես համարում եմ, որ Թուրքիան դեռևս պահպանում է իր մեծ հնարավորությունները համաշխարհային հանրությանը, ինչո՞ւ չէ` նաև Հայաստանի քաղաքացիներին համոզելու, որ ինքը ժամանակակից երկիր է, որ ինքը ղեկավարվում է արդի չափանիշներով, միջազգային իրավունքի սկզբունքներով և դեռևս, իմ կարծիքով, եզրակացություններ անելը շատ վաղ է»,–անցյալ տարի Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր Սերժ Սարգսյանը: Նախագահ Սարգսյանը կարող է ասել, որ ինչը մի քանի ամիս առաջ վաղ էր, հիմա ճիշտ ժամանակն է:
Գնահատում


















