Մեկնաբանություններ
Կառավարությունը խախտում է խաղի կանոնները
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
2010թ. մայիսի 1-ից գազալցակայանները հարկման հաստատագրված համակարգից անցել էին հարկման ընդհանուր համակարգ: Սակայն կառավարությունն այսօր խորհրդարան է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում և գազալցակայանները հարկել հաստատագրված վճարով: Գազալցակայանների սեփականատերերն ասում են, թե չգիտեն՝ այս օրենքի ընդունման դեպքում մայիս ամսվա համար հաստատագրվա՞ծ վճար են մուծելու, թե՞ ԱԱՀ:
Ուրիշ տնտեսվարողների դեպքում կառավարությունն ինքն է դեմ արտահայտվում հարկման հաստատագրված համակարգի կիրառմանը և պնդում, որ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հարկման միասնական համակարգում, ինչն ապահովում է ավելի արդարացի և թափանցիկ հարկման մեխանիզմների կիրառման հնարավորություն: Ինչո՞ւ է այս դեպքում կառավարությունը շահագրգռված, որ գազալիցքավորում իրականացնող տնտեսվարողները վճարեն ոչ թե ավելացված արժեքի հարկ, այլ հաստատագրված վճար:
Խորհրդարանական փոքրամասնության` «Ժառանգության» և ՀՅԴ ներկայացուցիչները պնդում են, որ սա արվում է ոլորտի խոշոր տնտեսվարողների շահերը պաշտպանելու համար: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ խորհրդարանում նստած են գազալցակայանների սեփականատերերը, և սա հենց նրանց լոբբիստական գործունեության արդյունքն է: Այն, որ մի քանի տասնյակ պատգամավորներ զբաղվում են գազալիցքավորման բիզնեսով, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Բայց կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունն ամենևին չի բխում գազալցակայանների տերերի շահերից: Ընդհակառակը, հարկման ընդհանուր դաշտ անցնելը ձեռնտու էր գազալցակայանների սեփականատերերին, և ոչ միայն նրանց: Սակայն հարկման ընդհանուր համակարգը զգալիորեն կպակասեցներ բյուջետային մուտքերը:
Կառավարությունում արդեն հասկացել են, որ եթե գազալցակայանները մտնեն հարկման ընդհանուր դաշտ, ապա դա կարող է հանգեցնել բյուջետային մուտքերի զգալի նվազման: Ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ: Պատկերացնենք՝ որևէ ձեռնարկություն, ենթադրենք՝ տպարան, պայմանագիր է կնքում որևէ գազալցակայանի հետ ամսական 6 մլն դրամի գազ գնելու մասին: Այդ գումարի մեջ մեկ միլիոնն ավելացված արժեքի հարկն է: Տպարանի տնօրինությունը գազալցակայանին է փոխանցում 6 միլիոն, որից մեկ միլիոնը գազալցակայանը փոխանցում է պետբյուջե՝ որպես ԱԱՀ: Բայց այդ մեկ միլիոնի չափով տպարանը, իր հերթին, ազատվում է ԱԱՀ վճարելու պարտավորությունից: Սա՝ հարկման ընդհանուր համակարգի դեպքում: Հիմա պատկերացրեք, որ գազալցակայանն աշխատում է այնպես, ինչպես տարիներ շարունակ` հաստատագրված վճարով: Այն տպարանից վերցնում է 6 միլիոնը և դրանից մեկ միլիոն վճարում պետությանը՝ որպես հաստատագրված հարկ: Այս դեպքում տպարանը չի ազատվում ԱԱՀ վճարելու պարտավորությունից: Ստացվում է, որ տեղի է ունենում կրկնակի հարկում:
Թե որքան կկազմեին պետբյուջեի կորուստները, եթե գազալցակայանները հարկման ընդհանուր դաշտ անցնեին, այսօր դժվար է ասել: Բայց եթե կառավարությունը գնում է օրենսդրական փոփոխության, կարելի է ասել, որ դրանք զգալի են: Գազալցակայանների սեփականատերերի համար այս փոփոխությունն այնքան էլ զգալի չէ, թեև դրանք շատ դեպքերում հանդես են գալիս ոչ թե վաճառողի, այլ գնորդի կարգավիճակում, և վճարում են ԱԱՀ, որի գումարը կարող էին տնտեսել հարկման ընդհանուր դաշտ մտնելու դեպքում։ Բայց առավել շատ տուժում են այն տնտեսվարողները, որոնք մեծ քանակությամբ գազ են գնում լցակայաններից և աշխատում են ոչ թե հաստատագրված վճարով, այլ հարկման ընդհանուր համակարգում:
Հարկային օրենսդրության փոփոխությունը մշտապես ցավալի է ընկալվում տնտեսվարողների կողմից, մանավանդ եթե դա հանգեցնում է հարկային բեռի մեծացմանը: Կառավարության անդամներից կարելի է լսել տնտեսվարման ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու մտադրության մասին, սակայն գործողությունները, գրեթե միշտ, ճիշտ հակառակն են ապացուցում:
Գնահատում


















