Մեկնաբանություններ
Թուրքիայի շատախոս լռությունը
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լռություն բառն` իր բոլոր հոմանիշներով հանդերձ ենթադրում է մեկ հիմնական վիճակ: Բայց կարծես թե Թուրքիայում լռության մասին առանձնահատուկ պատկերացումներ ունեն: Համենայն դեպս, վերջին շրջանում իրենց իսկ դավանած անխոս մարտավարությանը տուրք տալու փոխարեն թուրքերը սկսել են էլ ավելի հաճախ խախտել տաբուն` հանդես գալով զանազան դատողություններով ու հռետորական հարցադրումներով:
Այս տարվա ապրիլի 24-ից անմիջապես հետո էր, երբ այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, թե որոշ ժամանակով «լուռ դիվանագիտություն» անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել: Նոր տերմինի հեղինակային իրավունքը պատկանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, իսկ նրա քայլն այլ դրդապատճառ չուներ, քան Հայաստանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը: Սակայն ասելն ու ճիշտ հակառակն անելը մեկ եղավ: Անցած մեկ ամսվա ընթացքում դժվար կլինի գտնել որևէ օր, որ Թուրքիան որևէ ձևով հիշատակած չլինի հայկական թեման, արծարծած չլինի Երևանի հետ շփումների գնալու հեռանկարը:
Երեկվա օրը նույնպես բացառություն չդարձավ: Ղազախստան մեկնող Գյուլը լրագրողների առաջ բառացիորեն կրկնեց ապրիլին արտասանած բառերը. «Թուրքիան պարզ քաղաքականություն է վարում Կովկասի հարցում: Նրա նպատակը տարածաշրջանում կայունություն ապահովելն է: Անկեղծ ասած, ստատուս-քվոն Կովկասում ոչ մեկին ձեռնտու չէ: Անհրաժեշտ է փոխել այդ ստատուսը և ապահովել խաղաղություն և համագործակցություն: Ուստի բոլորը պետք է ուշադիր լինեն հարցի յուրաքանչյուր ասպեկտի նկատմամբ: Ըստ երևույթին, որոշ ժամանակով առաջացել է «լուռ դիվանագիտություն» վարելու անհրաժեշտություն, որն արդեն վաղուց իրագործվում է»: Իսկ այնուհետև Թուրքիայի նախագահը հանդես եկավ «նորամուծությամբ»` եղածին հավելելով միտքն այն մասին, թե իր այցը Հայաստան ինչ-որ չափով խախտեց ստատուս-քվոն, և այժմ անհրաժեշտ է ցուցաբերել զսպված, սակայն հաստատակամ գործունեություն։ «Եթե առաջիկա երկու տարում ոչինչ չփոխվի, ապա չի փոխվի և հաջորդ 10 տարիների ընթացքում։ Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես որ կա, ինչը օգուտ չի բերի կողմերից և ոչ մեկին»,- եզրափակեց նա:
Եթե մի կողմ թողնենք այն, որ սրան ոչ մի գնով «լուռ դիվանագիտություն» չես անվանի, ապա չենք կարող չասել, որ Գյուլը կրկին սխալվում է, քանի որ ներկա վիճակը կողմերից նվազագույնը մեկի համար միանգամայն ձեռնտու և բավարար է: Այնպես որ, Թուրքիայի նախագահը տվյալ դեպքում ուղղակի խտացնում է գույները` իր կարծիքին հավելյալ արժեք հաղորդելու հույսով: Բայց հազիվ թե նրան այդ բանը հաջողվի, ինչպես որ չհաջողվեց նրա նախորդներին անցած մեկ ամսվա «խոսքային հրադադարի» պայմաններում: Հրադադարը խախտվեց, երբ Թուրքիան հանդես եկավ ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրությունները չճանաչելու հայտարարությամբ: Խախտվեց, երբ Կիպրոսում սեմինար անցկացրեցին պետնախարարի մակարդակով ու խոսեցին հայերի մասին, երբ Ստամբուլում Դավութօղլուն «Թուրքական արտաքին քաղաքականությունը» թեմայով խորհրդաժողովում վերլուծեց հարաբերությունների ներկա փուլը, երբ փոխվարչապետ Ջեմիլ Չեչիքը Նյու Յորքում անդրադարձավ այդ նույն նյութին, երբ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ Աբդուլլահ Գյուլը քննարկեց հայ-թուրքական հարցը, և այսպես շարունակ: Ցանկն ընդարձակ է, արդյունքը` զրոյական:
Թուրքական կողմը նույնիսկ չզլացավ դիմելու սադրանքների, ինչպիսին եղավ «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլըօղլուի դեպքում, ով Վաշինգտոնում հայտարարեց, թե իբր Հայաստանի ու Թուրքիայի բանակցությունների սեղանին «քննարկման է դրված մի նոր հրաշալի առաջարկ»: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ տեղեկությունն անմիջապես հերքեց ոչ դիվանագիտական բառապաշարով. «Բացարձակ սուտ է։ Ստերը մեկնաբանելու կարիք չունեմ»,-ասաց նա` վերստին հաստատելով Հայաստանի դիրքորոշումը:
Բայց ո՞վ է լսողը: Թուրքիան այլ ակնկալիքներ ունի: Նա ցանկանում է, որ Հայաստանը խոսի: Դա այժմ կենսական անհրաժեշտություն է նրա համար: Մեծ, հրատապ հիմնահարցեր են կուտակվել, ստանձնած պարտավորություններ կան քաղաքակիրթ աշխարհի առաջ, տարածաշրջանային ծրագրեր կան, որոնք դանդաղում են Հայաստանի համառության պատճառով: Մյուս կողմից էլ 2011թ. Թուրքիայի խորհրդարանական ընտրություններն են: Իշխող կուսակցությունը հասկանում է, որ իր որդեգրած «Հարևանների հետ` զրո խնդիր» խոստում-մարտավարության ձախողումը թանկ կարժենա ու շտապում է: Եվ հենց այդ շտապողականությամբ էլ նա անուղղակիորեն խոստովանում է, որ սխալ է թույլ տվել` կարծելով, թե Երևանը տեղի կտար իր ճնշումների դիմաց հանուն հարաբերությունների կարգավորման ու բաց սահմանների: Այժմ նրան ետդարձի ճանապարհ է պետք: Կտա՞ Հայաստանն այդպիսի երկրորդ շանս:
Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են լուրել տարածել, թե հնարավոր է՝ հունիսին Սոչիում տեղի ունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Գյուլն իր հերթին պնդում է, թե բանակցային գործընթացն ամբողջությամբ դադարեցված չէ: Իսկ վերջերս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ իբր Անկարան, Բաքուն եւ Երևանը մի քանի ամիս լուռ դիվանագիտություն են վարելու, որից հետո կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու հայ-թուրքական արձանագրությունների եւ Կովկասում խաղաղություն հաստատելու ոլորտում:
Այս կարգի հայտարարություն Գյուլը, Դավութօղլուն և մյուսները կարող էին անել միայն այն դեպքում, եթե Երևանն իրոք իր հավանությունը տված լիներ այդ հնարքի կիրառմանը: Սակայն Հայաստանի կարծիքը Թուրքիայի մասին միանգամայն այլ է: Ընդամենը երկու օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը: Իսկ սա հնչում է վերջնագրի նման: Ստացվում է, որ Թուրքիայի հռչակած «անխոս դիվանագիտությանը» Հայաստանը պատրաստվում է ավելի հավատարիմ լինել, քան դրա իրական կնքահայրերը:
Գնահատում


















