Մեկնաբանություններ
Մալադե´ց, Տիգրան Սարգսյան
Լուսինե ԿԵՍՈՅԱՆ
ՀՀ կառավարությունը հուլիսի 15-ի նիստում ընդունել է որոշում, որի շնորհիվ ՀԴՄ շահագործողները կարող են թեթևացած շունչ քաշել: Հայաստանի տնտեսվարողների գործունեությանը նպաստող այս որոշումն ամփոփված էր կառավարության նիստի արձանագրության ընդամենը չորս համեստ տողերի մեջ:
«ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր այն որոշման մեջ, որով հաստատվել էին ՀԴՄ շահագործման կանոնները։ Ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դրույթներ, որոնց համաձայն հարկ վճարողները հարկային տեսչություն պետք է ներկայացնեին ՀԴՄ սպասարկման վերաբերյալ անհրաժեշտ պայմանագրերը»:
nationalidea.am կայքը, բազմաթիվ տնտեսվարողների բողոքները հաշվի առնելով, բարձրացրել էր այս հարցը, կատարել համապատասխան ուսումնասիրություն, պարզաբանման համար դիմել Պետական եկամուտների կոմիտե և 20 օր պատասխան չստանալով՝ խնդիրը շարադրել «Ռեկե՞տ պետական մակարդակով, թե՞ պետության թողտվություն» հոդվածում:
Խոսքը վերաբերում էր հաշվիչ-դրամարկղային մեքենաների համար պարտադրաբար, չգիտես ում սահմանած և տնտեսվարողների ուսերին դրած, այսպես կոչված, սպասարկման վարձերին. յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար տնտեսվարողն ամսական պարտավոր էր վճարել 2500-3000 դրամ: Այսպես որոշել էին ՀԴՄ-ն իբրև սպասարկում իրականացնող կազմակերպությունները, որոնք, իրենց ասելով, ոչ մի կապ չունեն ՊԵԿ-ի հետ, սակայն նույն հարկային մարմինները հաշվառման չէին ընդունում ՀԴՄ-ները, մինչև տնտեսվարողները չէին ներկայացնում հիշյալ կենտրոնների հետ կնքած սպասարկման պայմանագրերը, այսինքն` հարկայինից բացի չէին դառնում նաև սպասարկման կենտրոններին ամենամսյա հարկ վճարողներ:
Եթե հաշվենք, թե քանի ՀԴՄ է շահագործվում հանրապետությունում, ապա պարզ կդառնա, թե ինչ մակարդակի «ռեկետ» է իրականացվում առանց այն էլ հարկային մարմիններից դժգոհ տնտեսվարողների նկատմամբ: ՀԴՄ սպասարկում կոչվածը մեծաթիվ աշխատակազմ ունեցող գրասենյակների ցանց է` քարտուղարուհիներով, տնօրեններով և այլ` նման կարգի անպետք անձնակազմով, որոնք պահվում էին, բնականաբար, տնտեսվարողների հաշվին: Եվ դա՝ այն դեպքում, երբ խոսքն ընդամենը ՀԴՄ հնարավոր անսարքությունը վերացնելու մասին էր, ինչը կարող էր իրականացվել համապատասխան արհեստանոցում` կանխիկ վճարելով կատարված աշխատանքի համար և ոչ թե ամեն ամիս վճարել 2500-3000 դրամ այն բանի համար, թե հնարավոր է, որ օրերից մի օր ապարատի հետ մի բան այն չլինի և սպասարկման կենտրոններն էլ ամենաաննշան անսարքությունը բարդացնեն ու երևակայեն, թե շատ կարևոր գործով են զբաղվում:
Այս ամենը հանգամանորեն շարադրված էր վերոհիշյալ հոդվածում, և փառք ու պատիվ ՀՀ կառավարությանը և նրա ղեկավար Տիգրան Սարգսյանին, որ ականջալուր եղան տնտեսվարողներին հուզող խնդրին և թեթևացրին նրանց գործը: Մենք կշարունակենք անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում առկա, երբեմն անհեթեթության հասնող տարբեր երևույթների, որոնք հաճախ անուշադրության կամ այս կամ այն մարմնի թողտվության պատճառով իզուր վնաս են հասցնում և գցում ՀՀ կառավարության կամ այլ կառույցների վարկանիշը:
Գնահատում


















