Նյութի մշտական հասցեն : http://nationalidea.am/news.php?id=106
Նորություններ


26.06.2008 / 20:05

Ս. Սարգսյան. «Ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»

 

Պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի երեկոյան «Ռից Կառլտոն» հյուրանոցում հանդիպում ունեցավ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումն աննախադեպ էր նրանով, որ մի հարկի տակ էր հավաքվել ռուսական համայնքի ողջ էլիտան, ճանաչված մտավորականներ, գիտնականներ, տնտեսական, քաղաքական գործիչներ, իրենց բնագավառներում մեծ վաստակ և համբավ ունեցող գործիչներ: Ելույթներով հանդես եկան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը, Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը, հայտնի բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, այլ ճանաչված գործիչներ: Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչը ՀՀ նախագահին հանձնեց համալսարանի Մեծ շքանշանը:  Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, ում խոսքից ներկայացնում ենք հատվածներ.

«Այսօր Հայաստանը մուտք է գործել բարեփոխումների նոր շրջան: Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը և մեր ծրագրերի իրականացման հաջողությունը հնարավոր են միմիայն համայն հայության ջանքերի մեկտեղմամբ: Սփյուռքի բացառիկ առաքելության գիտակցումն է մեզ հուշել ստեղծել առանձին` Սփյուռքի նախարարություն, որը կազմավորման ընթացքի մեջ է: Նպատակն այս ոլորտում մեր քաղաքականության արդյունավետության բարձրացումն է: Մենք հավակնում ենք Հայաստանը դարձնել առողջապահական, բանկային, մտավոր ծառայությունների մատուցման, զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն: Դուք ունեք ե’ւ տնտեսական, ե’ւ մտավոր հսկայական ներուժ: Այդ ներուժի մի մասը պետք է փորձեք իրացնել Հայաստանում: Համոզված եղեք, որ ձեր արածը պահանջված է, որ ձեր ներդրումը կարևոր է հայրենիքի համար: Ես երաշխավորում եմ բոլոր ներդրումների անձեռնմխելիությունը»:

   

   

 «Անհնար կլիներ ամփոփել այս ելույթը` առանց արագ անդրադարձ կատարելու երեք առանցքային հարցերի. առաջինը Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է: Ես կուզեի, որ դուք ճիշտ ըմբռնեք և գնահատեք այն: Մի քաղաքական ուժ, որ ընտրություններից ամիսներ առաջ բացահայտ հայտարարում էր, որ չի ընդունելու ընտրությունների որևէ արդյունք, բացի իր իսկ հաղթանակից, փորձում է քաղաքական շանտաժի միջոցով ապակայունացնել վիճակը երկրում: Բազմիցս հայատարարել եմ, և դրան են ուղղված եղել նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր իմ բոլոր քայլերը, որ պատրաստ եմ Հայաստանի շահից ելնելով` բանակցել և աշխատել ցանկացած քաղաքական ուժի հետ: Լուրջ քայլեր են ձեռնարկվել հետընտրական լարումը թուլացնելու ուղղությամբ` ընդդիմությունը հսկայական ծավալով եթեր է հրավիրվում բոլոր հեռուստաալիքների կողմից, ազատ են արձակվել մարտի 1-ի դեպքերի առնչությամբ կալանավորված բոլոր այն մարդիկ, ովքեր անմիջականորեն չեն մասնակցել բռնություններին կամ ում մեղքի ամբողջական ապացույցները բացակայում են: Ընդարձակվել է խորհրդարանական ընդդիմության իրավունքների ցանկը, ստեղծվել է դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում»:

 

«Երկրորդ խնդիրը, որի մասին կուզեի խոսել, հայ-թուրքական հարաբերություններն են: Այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է. հարևան պետությունների միջև 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը:   Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև: Այլապես այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց: Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»:

 

 

«Երրորդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրն է: Դուք գիտեք, որ վերջերս կայացել են իմ բանակցությունները Ադրբեջանի նախագահի հետ:

Մենք համաձայնեցինք շարունակել բանակցային գործընթացը հիմնական սկզբունքներն ամրագրող փաստաթղթի նախագծի շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն փոխանցվել է Խորհրդային Ադրբեջանին կուսակցական մարմնի ապօրինի որոշմամբ: Որոշման անթաքույց հիմնավորումն այն էր, որ դա կօգնի տարածել հոկտեմբերյան հեղափոխության և համայնավարության գաղափարները դեպի մահմեդական Արևելք: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օրենքի շրջանակներում, իսկ հետո` պարտադրված գոյամարտում վաստակել է անկախ պետականության իր իրավունքը, և խնդիրը չի կարող ունենալ այդ կարգավիճակը նվազեցնող որևէ լուծում»:

 

 


Տպագրել