Հրապարակումներ
Գերասիմ Ալավերդյանը՝ ՕԵԿ ավանդույթների լավագույն շարունակող
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Լավ էր, որ գարնանը եղանակային պայմանները գյուղատնտեսության համար վա՞տ էին, թե՞ լավ: Նման անհեթեթ հարց հնչեցնելու անհրաժեշտություն չէր լինի, եթե Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնը չզբաղեցներ ՕԵԿ ներկայացուցիչ Գերասիմ Ալավերդյանը: Եթե գյուղացիության համար վատ եղանակը հավելյալ դժվարություններ ստեղծեց, ապա Գերասիմ Ալավերդյանի համար եղանակային վատ պայմանները ոչ միայն լավ, այլև ուղղակի հրաշք էին: Չլինեին եղանակային վատ պայմանները, ինչո՞վ էր բացատրելու Հայաստանի գյուղատնտեսությունում ստեղծված աղետալի վիճակը: Մի՞թե ասելու էր, որ դա իր ղեկավարած նախարարության վատ աշխատանքի հետևանքն է:
Ընդհանրապես ՕԵԿ քվոտայով նախարար դարձած անձինք իսկական փորձանք են դառնում պետականության համար. սա արդեն օրինաչափություն է: Նրանք կամ կատարյալ գժեր են, կամ հանցագործներ, որոնք իշխանություն ստանալով՝ ինքնադրսևորման ավելի լայն հնարավորություն են ձեռք բերում:
Գերասիմ Ալավերդյանը ՕԵԿ ավանդույթները լավագույնս շարունակող գործիչ է: Հասարակությունը տեսնում է, որ գյուղատնտեսական ապրանքների գները չափազանց բարձր են, բոլորը հասկանում են, որ դրա պատճառն այդ մթերքների պակասն է, քանի որ բարձր գինը պայմանավորված է փոքր առաջարկով: Սակայն բոլորովին տարբեր են ստեղծված իրավիճակի բացատրությունները: Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, որն ի պաշտոնե պետք է ամենատեղեկացվածը լիներ այդ պատճառների մասին, որպեսզի կարողանար համապատասխան միջոցառումներ իրականացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ամբողջ մեղքը գցում է բնության վրա. եղանակը վատ է եղել, բերքը վատ է: «Մի քանի օրից մենք մեր հողի բերքը կստանանք, և գները կիջնեն»,– ասել է նա:
Հասկանալի է, որ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն այնքան լիազորություններ չունի, որ նրանից պահանջենք վերահսկել եղանակային պայմանները: Հենց այդ պատճառով ստեղծված վիճակի համար Ալավերդյանին պետք է անմեղ ճանաչել:
Բայց արդյո՞ք միայն եղանակային վատ պայմաններն են պատճառը: Ամենևին էլ ոչ: Հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր զբաղմունք: Այսինքն՝ գյուղացին իր հողը վարելու, ցանելու, մշակելու, բերքը հավաքելու և իրացնելու վրա անհամեմատ ավելի շատ գումար է ծախսում, քան վաստակում է այդ բերքի վաճառքից: Ավելի պարզ ասած, եթե պետք է ծախսեր 1000 դրամ և ստանար 1500 դրամ եկամուտ, ծախսում է 1000 դրամ և 500 դրամ վնասվում:
Պատճառը դիզելային վառելիքի, սերմացուի, պարարտանյութի, թունաքիմիկատների բարձր գներն են և կասկածելի որակը: Դրանց ներկրումն ու իրացումը Հայաստանում գտնվում է բացառապես մի քանի մոնոպոլիստի ձեռքում, որոնք հսկայական հարստություն են կուտակում: Կարո՞ղ է սրա մասին խոսել Գերասիմ Ալավերդյանը. իհարկե՝ ոչ: Նա վարչապետ Տիգրան Սարգսյանը չէ, որ եռամսյակը մեկ պայքարի օլիգոպոլիաների դեմ: Ալավերդյանը նույնիսկ այդքան լիազորություն չունի դրանց մասին խոսելու համար: Նա միայն կարող է բողոքել եղանակային վատ պայմաններից:
Գյուղացիների ճնշող մեծամասնությունը`մոտ 90 տոկոսը վարկային ծանր բեռի տակ է: Հայաստանում գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են աննախադեպ բարձր տոկոսադրույքներով: Հայտարարվում է, որ վարկը տրամադրվում է 24 տոկոսով, սակայն ճիշտ հաշվելու դեպքում ստացվում է տարեկան 40 տոկոս: Պատճառը գյուղատնտեսության բարձր ռիսկայնությունն է։ Իրականում գյուղատնտեսությունը ռիսկային է դառնում հենց միայն նման բարձր տոկոսադրույքների պատճառով:
Արդյունքում՝ Հայաստանում ավելի շատ հողատարածքներ են մնում անմշակ: Հայաստանում կան գյուղեր, որտեղ հողի 60-70 տոկոսն արդեն մի քանի տարի մատնված է անտերության: Գյուղացիներն ավելի հաճախ են արտագաղթում՝ գերադասելով հողագործությամբ կամ անասնապահությամբ զբաղվել Ռուսաստանում կամ Ուկրաինայում, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի գրավիչ են: Եթե այսպես շարունակվի ևս մի քանի տարի, Հայաստանը կսկսի գյուղատնտեսական մթերքներ ներկրել Թուրքիայից և Եվրամիության երկրներից, որտեղ գյուղմթերքներն ավելի էժան են մեր տեղականից: Ի դեպ, այս տարի առաջին անգամ Երևանում սկսեցին վաճառել թուրքական ծիրան:
Այս խնդիրների մասին գյուղնախարարը կամ տեղյակ չէ, քանի որ զբաղված է շատ ավելի կարևոր գործերով, ինչպիսին եղանակային պայմաններն են, կամ տեղյակ լինելով՝ անիմաստ է համարում դրանց մասին մտածել:
Գերասիմ Ալավերդյանը հասկանում է, որ աղքատ գյուղացիությունից ինքն անձնական ոչ մի շահ ակնկալել չի կարող, բայց նախարար լինելը, այնուամենայնիվ, լավ գործ է: Կան բազմաթիվ միջազգային և պետական ֆինանսավորմամբ ծրագրեր, ինչպիսին, օրինակ, դաբաղի պատվաստանյութի ներկրումն էր, որոնցով արժե զբավել: Սրանց վրա եղանակային վատ պայմանները որևէ ազդեցություն չեն թողնում:
Գնահատում


















