Հրապարակումներ
ՀԱՊԿ-ի խաղաղ դեսանտը Հայաստանում
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակության եռօրյա ներկայությունը Հայաստանում զանազան մեկնաբանությունների արժանացավ: Ու թեև հատուկ ընդգծվեց, որ դա նախապես ծրագրված աշխատանքային հանդիպում էր, այնուամենայնիվ քիչ չէին նրանք, ովքեր հակված էին հյուրերի ժամանումը բացատրել միանգամայն այլ տեսանկյունից: Ամենայն հավանականությամբ, նմանատիպ խորհրդածությունների համար առիթ էր ծառայել ՆԱՏՕ- Հայաստան հարաբերությունների ջերմացումը և այդ գործընկերության շրջանակներում աշնանը սպասվելիք «Հայաստան-2010» զորավարժությունների անցկացման փաստը: Իսկ ՀԱՊԿ-ի արձագանքը պիտի արտահայտվեր համանման մի այցով` իբրև փոխադարձ մրցակցության և ազդեցության գոտիների հստակեցման ցույց:
Ինչևէ, բանակցություններն ու խորհրդակցությունները կայացան, և դրանց գլխավոր արդյունքների մասին տեղեկացվեց հանրությանը: Հիմնական արդյունքների շարքում հիշատակման է արժանի այն լուրը, որ Երևանում օգոստոսի երրորդ տասնօրյակում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը։ Բորդյուժան նշեց, որ նախագահները դրա շուրջ պայմանավորվածություն ունեն և իրենք մշակել են հանդիպման օրակարգը, ինչն առաջիկա օրերին կներկայացվի Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ղեկավարներին ու վերջիններիս հավանությունը ստանալու դեպքում մեկ ամիս անց կհանձնվի մասնակիցների քննարկմանը։ Առայժմ ամբողջությամբ չբացելով փակագծերը` ասվեց միայն, որ գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը կլինի Ղըրղզստանում տիրող իրավիճակը։ Իսկ այս օրերի երևանյան քննարկումներում անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումները ժամանակակից զինտեխնիկայով ապահովելու խնդրին:
Բորդյուժայի պատվիրակության աշխատանքներին նոր լիցք հաղորդեց մեկ այլ բազմամարդ խմբի`Ռուսաստանի Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Անմիջապես ասենք, որ առաջին անգամ էր Հայաստան ժամանում ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի այդպիսի ներկայացուցչական պատվիրակություն: Ռուսական մեկ տասնյակից ավելի առաջատար ձեռնարկությունների ղեկավարները ժամանել էին քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները: Նրանք ոչ միայն հանդիպումներ ունեցան մեր երկրի իշխանության ներկայացուցիչների հետ, այլև այցելեցին Գյումրու ավիացիոն բազա, Վանաձորի «Սլացք» ու «Ավտոգեն» ձեռնարկություններ, Չարենցավանի հաստոցաշինական գործարան, Հրազդանի «Պատնեշ» ձեռնարկություն: Նպատակը մեկն էր` ուսումնասիրել դրանց հզորությունները, տեղում գնահատել հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունները:
Պետք է ասել, որ նրանց առաջին ծանոթությունը կայացել էր ավելի վաղ, երբ Մոսկվայում բացված ռազմաարդյունաբերական համալիրի ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել էր իր ձեռքբերումներն այս ասպարեզում: Ռուս մասնագետները այժմ բավականին տպավորված են և կարծում են, որ դատարկաձեռն չեն հեռանա: Մասնավորապես փոխադարձ հետաքրքրություն կա ուղղաթիռային տեխնիկայի վերանորոգման հարցերում: Առաջընթաց կա նաև մի շարք այլ նախագծերում, որոնք կապված են գյուղատնտեսության ոլորտի հետ:
ՀԱՊԿ- Հայաստան շփումների հաջորդ կարևոր նորությունը այն էր, որ արագ արձագանքման հավաքական ուժերի զինավարժությունները կարող են անցկացվել Հայաստանում: Առաջարկ կա ՀԱՊԿ զինավարժություններն անցկացնել հաջորդ տարի: «Ես կարծում եմ, որ դա լավ գաղափար է, և այն շատ իրական է»,- ասել է Բորդյուժան: Նա նաև հավելել է, որ այդ հարցի շուրջ վերջնական որոշումը կայացնելու են ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները:
Ընդհանուր կարգի ձևակերպումների հուսադրիչ շեշտադրումները համարյա միշտ էլ փոքր-ինչ նահանջում են, երբ հերթը հասնում է կոնկրետ հարցադրումներին: Իսկ Հայաստանում պարզապես անխուսափելի էր հարցն այն մասին, թե ինչպիսին կլինեն ՀԱՊԿ-ի գործողությունները, եթե Ադրբեջանն իրագործի պատերազմ սանձազերծելու իր սպառնալիքը: Այս դեպքում Ն. Բորդյուժան հազիվ թե այլ պատասխան հնչեցներ, քան այն, ինչ նա ասաց. «... Ցանկացած հարցի լուծումն ուժային միջոցներով միանգամայն անհեռանկարային է և շատ բացասաբար է ընկալվում միջազգային ողջ հանրության կողմից: Դա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:
Կարելի՞ է խոսափողական անվանել նրա խոսքերը: Կարելի՞ է ասել, որ դիվանագիտության լեզուն այսպես է արձագանքում ուղղակի հարցադրումներին: Կարելի՞ է մտածել, որ ոչ ոք դեռ չգիտե այդ հարցի պատասխանը: Ընտրությունը թողնում ենք ձեզ: Այսօր գաղտնիք չէ, որ կան նաև թերահավատներ, ովքեր այն տեսակետն են պաշտպանում, թե ՀԱՊԿ-ն օժտված չէ գործուն մեխանիզմներով, ինչը կապահովեր անդամ երկրի անվտանգությունը, սակայն փոխարենը մեծապես սահմանափակում է վերջինիս մանևրելու հնարավորությունը: Սա պիտի նշանակի, որ ոչ թե կազմակերպությունից է պետք պահանջել հակառակն ապացուցել, այլ մեր ներսում է պետք գտնել նրա հետ համագործակցության գնալու հիմնավորումը:
Գալով ՆԱՏՕ- ՀԱՊԿ ենթադրյալ առճակատմանը և այս խնդրում Հայաստանի դիրքորոշմանը` նկատենք, որ պաշտոնական Երևանը միանգամայն լավատեսական տպավորություններով է առաջնորդվում` գտնելով, որ երկուսն էլ իրենց ազդեցության ոլորտներում միևնույն մոտեցումներն են կիրառում և այդ կրկնակի ձեռքսեղմումի մեջ տարօրինակ ոչինչ չկա: Հայաստանի իշխանություններն այն համոզմանն են, որ համագործակցությունը ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի հետ մեր երկրին տալիս են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ: Դրանք ոչ միայն հակասության մեջ չեն, այլև փոխլրացնում են մեկմեկու: Մնում է հավատալ, որ հենց այդպես էլ կա:
Գնահատում


















