Հրապարակումներ
Իսկ ինչու՞ Ներսես Երիցյանը Հայաստանում սուպերմարկետ չի տեսել
Լուսինե Կեսոյան
2010թ. հուլիսի 26-ին պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությանը բաժին է հասել աշխարհի ամենահանճարեղ էկոնոմիկայի նախարարը: Արժույթի միջազգային հիմնադրամն ու Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը (AIPRG) «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. հետագա ուղին» թեմայով քննարկում են կազմակերպել, որտեղ ելույթներ են հնչել Հայաստանի տնտեսական կացության վերաբերյալ: Դրանք հատկապես աչքի են ընկել պատկերավոր համեմատություններով: Հետաքրքիր համեմատությունների շղթան բացել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիյերմո Տոլոսան` 2003-2008թթ. Հայաստանը համեմատելով մայրուղի դուրս եկած ավտոմեքենայի հետ, որը սլացել է շատ արագ, սակայն փոթորկի մեջ շեղվել և դուրս է ընկել ճանապարհից ու փչացել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, որ այդ տարիներին պաշտոնավարում էր Կենտրոնական բանկում և «սլացքի» մեջ իր ներդրումն ուներ, փորձել է արդարացնել ասվածը՝ ասելով. «Եթե խորհրդային «Ժիգուլին» քշես եվրոպական և ամերիկյան մայրուղիներով, նույնքան արագ շարքից դուրս կգա, ինչպես եթե «Մերսեդեսը» քշես հայկական ճանապարհներով։ Երկուսն էլ նույն կյանքը ունեն»: Նախարարին այստեղ ամենից շատ հուզել է շարժիչը, դրա համար հարց է բարձրացրել. «հարկավոր է իմանալ` ինչպես փոխել շարժիչը` ամբողջությա՞մբ, թե՞ մասնակի»: Երիցյանը շարունակել է իր հանճարեղ պատասխանների շղթան և ներկայացրել հարցի լուծման լավագույն տարբերակը. «Լավ շարժիչով լավ մեքենա լավ ճանապարհների վրա»` կարծես դրա մասին դեռ ոչ ոք գլխի չէր ընկել, աշխարհում չգիտեին էլ, որ երթևեկության ամենահարմար տարբերակը լավ մեքենայով լավ ճանապարհի վրա երթևեկելն է և, փաստորեն, միայն Ներսես Երիցյանն էր, որ գլխի ընկավ այդ մասին:
Բայց սա դեռ ոչինչ. նախարարը, հավանաբար ոգևորված այն բանից, որ իր դուրս տված ապուշությունները մարդիկ առանց ծիծաղելու են լսում, շարունակել է, և հենց այստեղ էլ բացահայտվել է, որ մեր նախարարը ոչնչով պակաս չէ քաջարի զինվոր Շվեյկից: «Աշխարհը գնալով փոքրանում է, ավելի մոբիլ է դառնում, և պետք է ավելի նախաձեռնող ու ագրեսիվ լինել: Ամեն ինչ ավելի արագ է դառնում. սուպերմարքեթ տեսնելու համար այլևս պետք չէ հասնել ԱՄՆ, այլ կարելի է ինտերնետով տեսնել»,- ասել է ՀՀ նախարարը:
Ի՞նչ է դուրս գալիս. պարզվում է, նախարարը ոչ թե «մերկ» է, այլ պարզապես տղան դեռևս սուպերմարքեթ չի տեսել, ոչ թե գնում է ԱՄՆ հարազատներին տեսնելու, այլ ամեն անգամ ուղևորվում է հեռավոր երկիր` սուպերմարքեթ տեսնելու համար: Այն, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարը չգիտի, որ Հայաստանում արդեն հարյուրավոր սուպերմարքեթներ կան, որ սուպերմարքեթ տեսնելու համար ԱՄՆ կամ մեկ այլ հեռավոր երկիր թռչելու, առավել ևս՝ ինտերնետ միացնելու կարիք վաղուց արդեն չկա, ոչ թե թերություն է կամ մեկ այլ բան, այլ պարզապես ախտորոշում:
Ցանկացած բժիշկ հիվանդի ախտանշանները պարզելուց և ախտորոշումը ճշտելուց հետո բուժման համար ստիպված է լինում լուծել մեկ այլ կարևոր խնդիր` ի՞նչ պատճառներ են ընկած այդ ախտանշանների հիմքում, ինչո՞ւ է և ինչպե՞ս է մարդը հասել այդ օրի: Երիցյանի դեպքում բացատրությունները մի քանիսն են: Նախնական բացատրությունն այն է, որ նախարարը պարզապես տեսողության հետ կապված խնդիրներ ունի. Երիցյանն իսկապես այնքան լավ չի տեսնում, դրա համար էլ ակնոց է կրում, ինչը, ինչպես երևում է, այս պարագայում չի օգնել, այսինքն` նախարարն այդպես էլ չի տեսել սուպերմարքեթ:
Երկրորդ պատճառն այն է, որ նա երթևեկում է միայն ծառայողական ավտոմեքենայով, և որ նրա ղեկավարը` վարչապետ Տիգրան Սարգսյանը, այնքան է նրան ծանրաբեռնել Հայկական աշխարհի ստեղծման գերհզոր նախագծերով, որ խեղճ տղան հնարավորություն, ուժ չունի գոնե մի անգամ ավտոմեքենայի լուսամուտից դուրս նայելու և տեսնելու, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Այս հարցում, իհարկե, մեղավորության իրենց չափաբաժիննն ունեն նաև նախարարի ընտանիքի անդամները։ Նրանք իրենց հերթին են նպաստել, որ Երիցյանն ապրի աշխարհից կտրված. ելնելով նրա բազմազբաղությունից՝ ազատել են նրան տնային հոգսերից։ Հավանաբար, տիկին Երիցյանը, որ երիտասարդ տնային տնտեսուհի է, գնումների ողջ բեռը վերցրել է իր վրա, այնպես որ՝ այս հարցում էլ նախարարի «բախտը չի բերել»: Սրանք Ներսես Երիցյանի` որպես մարդու, որպես տղամարդու, սուպերմարքեթ այցելած չլինելու պատճառներն են:
Շատ ավելի կարևոր են Երիցյան-նախարարի` Հայաստանի սուպերմարքեթների մասին չիմանալու պատճառները: Սուպերմարքեթները, որպես կանոն, Հայաստանում պատկանում են միայն ընտրյալներին. դրանց ամենահզոր ցանցը ԱԺ պատգամավոր, Հայաստանի այսօրվա թիվ 1 օլիգարխ Սամվել Ալեքսանյանինն է (Լֆիկ Սամո)` «Երևան սիթի», «Կայզեր»: «SAS», «STAR» սուպերմարքեթները կապվում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Վերջին շրջանում սուպերմարքեթների օրեցօր ավելացող ցանց («Քեթրին», «Fresh») է ստեղծել նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը, որը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի փեսա Միքայել Մինասյանի ընկերներից է: Այլ կերպ ասած՝ այս բիզնեսում պատահական մարդ չկա և չի կարող լինել, այսինքն` այստեղ գործ ունենք Հայաստանի տնտեսության գլխավոր պրոբլեմի` մենաշնորհային քաղաքականության հետ, որի դեմ պայքարի անհրաժեշտության մասին ամենաբարձր մակարդակով միայն խոսում են, բայց այդպես էլ իրական քայլեր չեն արվում: Եվ ահա այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարի շնորհիվ հայ ժողովուրդն, ի վերջո, ստացավ այն հարցի պատասխանը, թե ինչու իսկապես Հայաստանում այդպես էլ ոչ մի բան չի փոխվում: Կոնկրետ տնտեսության մեջ, օրինակ, հենց այսօր պարզվեց, որ ոչինչ չի փոխվում, մենաշնորհների դեմ պայքարելու մասին միայն խոսում են, որովհետև տնտեսության ոլորտի թիվ 1 պատասխանատուն, տեսեք-տեսեք, մինչև հիմա անգամ Հայաստանի սուպերմարքեթների տեղը չգիտի, ուր մնաց թե իմանա, որ դրանք մոնոպոլ բիզնես են, ուր մնաց թե իմանա, որ նման սուպերմարքեթներ բացելով` սույն օլիգարխները մի քանի տասնյակ միջին և մանր բիզնեսմենների տուն են քանդում:
Գնահատում


















